Զանզիբարը Հնդկական օվկիանոսում գտնվող՝ Տանզանիայի մաս կազմող արշիպելագ է: Զանզիբարի կղզիների ստույգ թիվը հայտնի չէ, քանի որ դրանցից շատերն այնքան փոքր են, որ մակընթացությունների ժամանակ ամբողջությամբ անցնում են ջրի տակ և ջրի երես են բարձրանում միայն մակընթացությունից մի քանի ժամ հետո:
Տանզանիա պետության անվանումը կապված է հենց Զանզիբարի հետ. Տանզանիան ստացավ է իր այսօրվա անվանումը 1964 թ.-ին Զանզիբար արշիպելագի՝ մայրցամաքում գտնվող Տանգանիկա պետության հետ միավորվելուց հետո: ՏԱՆ և ԶԱՆ առաջին երեք տառերի համակցության արդյունքում առաջացավ Տանզանիա անվանումը: Այժմ Զանզիբարը Տանզանիայի ինքնավար մասն է։ Ընդ որում՝ արշիպելագն ունի լայն ինքնավարություն. Զանզիբարն ունի սեփական նախագահ, խորհրդարան և նույնիսկ դրոշ:
Այս հանգստավայրի հիմնական առավելություններն են մարդու կողմից ստեղծված և անձեռակերտ հուշարձանները, հարուստ և բազմազան մշակութային ժառանգությունը, խնամքով պահպանվող ափամերձ գոտիները, մաքուր ջրերը և ծովային կենդանիների բազմազանությունը: Այստեղ կարելի է այցելել Կապիկների այգին և Հսկա կրիաների կղզին: Զանզիբարի հեքիաթային լողափերից կարելի է դիտել նաև դելֆիններին:
Զանզիբարի մայրաքաղաք Սթոուն-Թաունը հայտնի է իր հին ամրոցով, սեփական ամֆիթատրոնով, մի քանի մզկիթներով, ստրկավաճառության հրապարակով: Այստեղ է գտնվում նաև այն տունը, որտեղ ծնվել և մեծացել է հռչակավոր երգիչ Ֆրեդի Մերքյուրին:
Այսօր Զանզիբարը քաղաքակիրթ, հանգիստ և միանգամայն ապահով վայր է։ Ժամանակակից հյուրանոցների, սրճարանների և ռեստորանների, զարմանահրաշ բնության, տաք օվկիանոսի և տեղի բարեհամբույր բնակիչների շնորհիվ Զանզիբարը դառնում է Ձեր արձակուրդը անցկացնելու լավագույն վայր: