Քայլարշավներ
20 մարդ
Տավուշի մարզ
Տուրը կսկսենք Սեւանավանքից, որը գտնվում է Սևանա լճի թերակղզում: Համալիրի առաջին եկեղեցին կառուցվել է Սևանի կղզում 305 թվականին՝ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Սևանավանքը հայտնի է նաև «Մարիամաշեն» անունով, այսինքն՝ «Մարիամի կողմից կառուցված»։ Եկեղեցիներից մեկի վրա հայտնաբերված արձանագրությունը վկայում է, որ Սևանավանքը հիմնադրվել է արքայադուստր Մարիամի կողմից՝ 874 թվականին:
Ճանապարհը կշարունակենք դեպի Դիլիջան, որը հանգստացողների ամենասիրելի ուղղություններից է: «Եթե Աստված մի օր ցանկանա այցելել Հայաստան, ես կբերեմ նրան Հովք (Դիլիջան)», - այսպես է Հովքի՝ Դիլիջանի մասին ասել պատմիչ Գրիգոր Պահլավունին։
Դիլիջանում առաջին կանգառը կլինի Դիլիջանի յուրօրինակ պատմական Շարամբեյան փողոցում, որտեղ գտնվում է Թուֆենկյան «Հին Դիլիջան» համալիրը, այստեղ մենք կզգանք 19-րդ դարի հին Դիլիջանի շունչը: Տարածքում գործում է սրճարան, ռեստորան, հացատուն և այլ հետաքրքիր վայրեր, որոնք ներկայացնում են 19-րդ դարին հատուկ կենսակերպը: Տարածքում ստեղծագործում և իրենց աշխատանքներ են ցուցադրում տարբեր վարպետներ՝ կավագործ, փայտագործ։ Այդ պատճառով փողոցը հաճախ կոչում են նաև «վարպետների փողոց»։ Այստեղ է գտնվում նաև «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձանը, որտեղ մարմնավորված են սիրված ֆիլմի 3 գլխավոր հերոսները՝ Ֆրունզիկ Մկրտչյանը (Ռուբիկ Խաչիկյան), Եվգենի Լեոնովը (Իվան Վոլոխով) և Վախթանգ Կիկաբիձեն (Վալիկո Միզանդարի)։
Հաջորդ կանգառը կլինի Ջուխտակ վանքը, որը գտնվում է Դիլիջան քաղաքից 3 կմ հյուսիսարևելք՝ Խալ-խալլու լեռան հարավային փեշին: Բաղկացած է երկու առանձին կանգնած, սրբատաշ ֆելզիտ քարերով կառուցված Ս. Աստվածածին և Ս. Գրիգոր եկեղեցիներից (այստեղից` «Ջուխտակ» ժողովրդական անվանումը): Եկեղեցիների պատերին փորագրված արձանագրություններում հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները: Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է վանահայր Հայրապետի ջանքերով 1201 թ.: Ս. Գրիգոր եկեղեցին կենտրոնագմբեթ կառույց է, ենթադրվում է, որ դա Ս. Աստվածածին եկեղեցուց վաղ է կառուցվել:
Ջուխտակ վանքի դիմացի լեռնալանջին, անտառածածկ սարահարթի վրա է գտնվում Դիլիջանի մյուս գանձը՝ Մաթոսավանքը: Միջնադարյան հուշարձանախումբը բաղկացած է իրար կից երեք կառույցներից` եկեղեցուց, գավթից և գրատնից: Հուշարձանախմբի մոտ տարածված է միջնադարյան գերեզմանոցը` անմշակ տապանաքարերով և խաչքարի պատվանդաններով: Եկեղեցին կառուցվել Է 1205 թվականին կիսամշակ խոշոր քարերով։