Դասական տուրեր
20 մարդ
Կոտայքի մարզ
Տուրի առաջին կանգառը Պտղնիի տաճարն է (Պտղնավանքը): Հայկական ճարտարապետության վաղ միջնադարյան այս հուշարձանը կառուցվել է իշխան Մանուել Ամատունու կողմից VI դ. վերջին – VII դ. սկզբին: Կիսավեր տաճարից պահպանվել են հյուսիսային պատը, հարավային պատի արևելյան մասը և արևելյան գմբեթակիր կամարը: Տաճարը լուսավորվել է լայն լուսամուտներով, ունեցել է ճոխ ձևավորված երեք մուտք` հյուսիսային, հարավային և արևմտյան: Պտղնիի տաճարը նշանավոր է իր հարուստ հարդարանքով` բուսական, երկրաչափական մոտիվներով բարձրարվեստ զարդաքանդակներով ու պատկերաքանդակներով: Եզակի են առյուծին նետահարող, ձի հեծած Մանուել Ամատունու քանդակը հարավային մուտքի զարդակամարի ձախ` հորիզոնական մասում և առյուծի դեմ մենամարտող Սահակ Ամատունու քանդակը աջ կողմում: Ուշագրավ են նաև հարավային շքամուտքի կամարի կենտրոնում Աստվածածնի պատկերաքանդակը, սափորների քանդակաշարով քիվը, արմավենու ծառի տակ նստած առյուծի քանդակը:
Հաջորդ կանգառը Արամուսի Ծիրանավոր Սուրբ Նշան եկեղեցու ավերակներն են: Եկեղեցին կառուցվել է VI-րդ դարում: Ծիրանավոր Սուրբ Նշան եկեղեցին կենտրոնագմբեթ տաճար է։
Այնուհետև կուղևորվենք դեպի Կապտավանք կամ Սուրբ Մինաս եկեղեցի, որը գտնվում է Հատիս և Գութանասար լեռների միջև ձգվող լեռնանցքի ձախակողմյան մասում` բլրի գագաթին: Իր ճարտարապետական հորինվածքով համահունչ է եռահարկ եկեղեցի-դամբարան տիպին: Կառուցվել է 1349թ. տեղի կապտավուն սրբատաշ բազալտից, հավանաբար, այստեղից էլ առաջացել է նրա անվանումը` «Կապույտ վանք», «Կապտավանք»: Ի տարբերություն նմանատիպ մյուս հուշարձանների` Կապտավանքը արտաքուստ աչքի է ընկնում ավելի զուսպ, պարզ լուծումներով, որտեղ հարդարանքի տարրերը հասցված են նվազագույնի:
Եկեղեցին մասամբ վնասվել էր 1679թ.` երկրաշարժի ժամանակ, իսկ 1920-80թթ. գտնվում էր կիսաքանդ վիճակում: Վերականգնման աշխատանքներն իրականացվել են 1981-83թթ: Կապտավանքից հյուսիս, մոտ 500մ հեռավորության վրա է գտնվում Թուխ Մանուկ սրբատեղին: Եկեղեցու հարավային կողմում կան տապանաքարեր, իսկ բլրալանջին` խաչքարեր և բազմաթիվ այլ գերեզմանաքարեր:
Տուրի վերջին կանգառը Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցական համալիրն է, որը գտնվում է Ակունք գյուղում: Այն բաղկացած է Ս. Պողոս, Ս. Պետրոս եկեղեցիներից, մատուռից և գերեզմանատնից: Ս. Պողոս եկեղեցին կառուցվել է XII-XIII դդ. և իրենից ներկայացնում է քառակուսի հատակագծով կառույց: Թաղը և երկթեք ծածկը փլվել են: Հյուսիսային պատին կա շինարարական բովանդակությամբ անթվակիր արձանագրություն, ըստ որի՝ եկեղեցին և գավիթը կառուցվել են Ասլանի և վերջինիս եղբայր Վիրապշահի կողմից: Եկեղեցին նորոգվել է հավատացյալների ջանքերով, ինչի արդյունքում կառույցը կորցրել է իր նախկին տեսքը:
XIII դ.-ում կառուցված Ս. Պետրոս եկեղեցին գտնվում է թեք սարալանջին և իրենից ներկայացնում է թաղածածկ, երկթեք տանիքով միանավ սրահ: Կառուցված է սև և նարնջագույն սրբատաշ տուֆից: Եկեղեցիների հյուսիսային կողմում, ժայռերի մեջ գտնվում է մի քարայր, որտեղ 1980-ական թթ. հնագետ Հրաչյա Ղազարյանը հայտնաբերել է քարեդարյան գործիքներ:
Մեկնում՝ 10:00
Վերադարձ՝ 18:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ