Պտղնի, Армения
Դասական տուրեր
20 մարդ
Կոտայքի մարզ
Ծրագիր՝
150 կմ
Տուրի առաջին կանգառը Պտղնիի տաճարն է (Պտղնավանքը): Հայկական ճարտարապետության վաղ միջնադարյան այս հուշարձանը կառուցվել է իշխան Մանուել Ամատունու կողմից VI դ. վերջին – VII դ. սկզբին: Կիսավեր տաճարից պահպանվել են հյուսիսային պատը, հարավային պատի արևելյան մասը և արևելյան գմբեթակիր կամարը: Տաճարը լուսավորվել է լայն լուսամուտներով, ունեցել է ճոխ ձևավորված երեք մուտք` հյուսիսային, հարավային և արևմտյան: Պտղնիի տաճարը նշանավոր է իր հարուստ հարդարանքով` բուսական, երկրաչափական մոտիվներով բարձրարվեստ զարդաքանդակներով ու պատկերաքանդակներով: Եզակի են առյուծին նետահարող, ձի հեծած Մանուել Ամատունու քանդակը հարավային մուտքի զարդակամարի ձախ` հորիզոնական մասում և առյուծի դեմ մենամարտող Սահակ Ամատունու քանդակը աջ կողմում: Ուշագրավ են նաև հարավային շքամուտքի կամարի կենտրոնում Աստվածածնի պատկերաքանդակը, սափորների քանդակաշարով քիվը, արմավենու ծառի տակ նստած առյուծի քանդակը:
Տուրի հաջորդ կանգառը Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցական համալիրն է, որը գտնվում է Ակունք գյուղում: Այն բաղկացած է Ս. Պողոս, Ս. Պետրոս եկեղեցիներից, մատուռից և գերեզմանատնից: Ս. Պողոս եկեղեցին կառուցվել է XII-XIII դդ. և իրենից ներկայացնում է քառակուսի հատակագծով կառույց: Թաղը և երկթեք ծածկը փլվել են: Հյուսիսային պատին կա շինարարական բովանդակությամբ անթվակիր արձանագրություն, ըստ որի՝ եկեղեցին և գավիթը կառուցվել են Ասլանի և վերջինիս եղբայր Վիրապշահի կողմից: Եկեղեցին նորոգվել է հավատացյալների ջանքերով, ինչի արդյունքում կառույցը կորցրել է իր նախկին տեսքը:
XIII դ.-ում կառուցված Ս. Պետրոս եկեղեցին գտնվում է թեք սարալանջին և իրենից ներկայացնում է թաղածածկ, երկթեք տանիքով միանավ սրահ: Կառուցված է սև և նարնջագույն սրբատաշ տուֆից:
Եկեղեցիների հյուսիսային կողմում, ժայռերի մեջ գտնվում է մի քարայր, որտեղ 1980-ական թթ. հնագետ Հրաչյա Ղազարյանը հայտնաբերել է քարեդարյան գործիքներ:
Տուրի վերջին կանգառը Նեղուցի վանքն է: Նեղուցի վանքը գտնվում է Արզական գյուղից մեկ կմ հյուսիս-արևմուտք: Այն բաղկացած է եկեղեցուց, կից գավթից և առանձին փոքր մատուռից: Վանքը կառուցվել է X-XIդդ.: Գավթի պատերին պահպանվել են XIIIդ. արձանագրություններ: Վանքի շրջակայքում կա խաչքարերով հարուստ գերեզմանոց: Արզականը միջին դարերում հիշատակվում է Արտավազդական անվամբ: Գյուղը հայտնի է իր մի շարք տաք հանքային աղբյուրներով:
Մեկնում՝ 10:00
Վերադարձ՝ 19:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ