Անհատական տուրեր
20 մարդ
Արարատի մարզ
Առաջարկում ենք արկածային էկոտուր Խոսրովի արգելոցի տարածքով:
Արգելոցի տարածքում ուղևորությունը սկսում ենք Ուազ ավտոմեքենայով: Հասնելով մի խորհրդավոր բացատ՝ լքում ենք ավտոմեքենան և ոտքով ուդղվում ենք դեպի Վահագնի ջրվեժը: Պրոֆեսիոնալ ուղեկցորդի օգնությամբ դժվարությունները հաղթահարելուց հետո լեռնային արահետներով հասնում ենք ժայռերում թաքնված հեքիաթային Վահագնի ջրվեժը:
Այնուհետև ուղղվում ենք դեպի Աստղիկի ջրվեժը: Վահագնի և Աստղիկի ջրվեժները միմյանց հետ դիցաբանորեն կապված են. հեթանոսական պանթեում Աստղիկը գեղեցկության ու պտղաբերության աստվածուհին էր՝ կրակի և պատերազմի աստված Վիշապաքաղ Վահագնի կինը:
Քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 6 կմ է։ Քայլարշավը միջին բարդության է, դրա համար անհրաժեշտ են չսահող սպորտային կոշիկներ, հարմարավետ հագուստ, ցանկալի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք) և մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր: Մեր կողմից տրամադրվում է թեյ, սուրճ և քաղցրավենիք:
Քայլարշավից հետո Ուազ ավտոմեքենայով կուղևորվենք դեպի Աղջոց վանք համաիրը: Ըստ ավանդության` այն հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դ. սկզբին` որպես կուսանաց վանք: Վանքը տարբերվում է իր բարձրարժեք ու գեղեցիկ քանդակներով: Ներկայիս վանքը կառուցվել է XIII դ.: Եղել է կրոնական և մշակութային կենտրոն: Պարսպապատերով շրջապատված վանական համալիրը բաղկացած է գլխավոր` Ս. Ստեփանոս եկեղեցուց, գավթից, Ս. Պողոս- Պետրոս եկեղեցուց, բնակելի և տնտեսական շինություններից:
Հաջորդ կանգառը Բայբուրդի կամ Գեղմահովիտի եկեղեցին է: Խոսրովի արգելոցում պահպանվել են վաղ միջնադարյան Բայբուրդ բնակատեղիի հետքերը: Գյուղատեղիի կենտրոնական մասում պահպանվել է սրբատաշ, գորշ բազալտով կառուցված, V դ. միանավ բազիլիկ եկեղեցին, որի պայտաձև ավագ խորանը դուրս է եկեղեցու ուղղանկյուն ծավալից: Ուշագրավ են կիսավեր եկեղեցու քանդակազարդ խոյակները և որմնակամարը: Հարավային կողմից կից է գավիթը, որն այժմ ավերակ է: Ըստ եկեղեցու շարվածքում պահպանված արձանագրության՝ գյուղատեղին գոյատևել է մինչև XVII դ. և հայաթափվել 1604 թ.՝ պարսից Շահ Աբաս Առաջինի իրականացրած բռնագաղթի ժամանակ:
Մեկնում՝ 10:00
Վերադարձ՝ 19:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ
1 անձը - 65․000 դրամ,
2-3 անձ - 40․000 դրամ,
4-10 անձ - 30․000 դրամ,