Լոռու մարզում գտնվող այս փոքրիկ քաղաքը մեր երկրի ամենահյուսիսային քաղաքային բնակավայրն է: Ախթալայում ընդամենը 3000 մարդ է ապրում:
Ախթալան գտնվում է Երևանից 181, մարզկենտրոն Վանաձորից՝ 60 կմ հեռավորության վրա: Բարձրությունը ծովի մակերևույթից 740 մետր է: Ախթալա անունը բացատրվում է որպես ախտով լի, քանի որ Լենկ Թեմուրի արշավանքներից հետո բնակավայրն իրապես վերածվել էր աղբակույտի:
Ախթալայում է գտնվում Կովկասի ամենահին գործարանը՝ լեռնահարստացման կոմբինատը, որ կառուցվել է 1763 թվականին: Ախթալայում պղնձի արտադրությունը հազարամյակների պատմություն ունի: Այդ է վկայում նաև քաղաքի միջնադարյան անունը՝ Պղնձահանք: Համաձայն մի ավանդության՝ մ.թ.ա. 2-րդ դարում Ախթալա է այցելում հայոց Արտաշես Ա Աշխարհակալ արքան և մտնում է պղնձի քուրաներ, որպեսզի տեսնի աշխատող վարպետների գործը: Վարպետներից մեկը, տեսնելով արքայի ձեռքի գեղեցիկ մատանին, քուրայից պղնձի հալած շիթ է բարձրացնում, օդում կլոր շրջան գծում և ստանում արքայի մատանու նման մի մատանի: Հիացած թագավորը իր մատանին նվիրում է հմուտ վարպետին:
Այդ ավանդության մոտիվներով՝ Ախթալայի եկեղեցու բակում 2010 թ.-ին կանգնեցվեց ամուսնական մատանիների հուշարձանը:
Ախթալայում Կյուրիկյանների իշխանության տարիներին գործել է նաև դրամահատարան:
Ախթալան նաև Հայաստանի ամենաբազմաազգ բնակավայրն է եղել. այստեղ ժամանակին 18 ազգերի ներկայացուցիչներ են բնակվել: Ուշ միջնադարում բնակավայրը կոչվել է նաև Գյումուշխանա, որ պարսկերենից թարգմանաբար նշանակում է պղնձահանք:
Ախթալայի այցեքարտը Սուրբ Աստվածածին եկեղեցին է:
Ախթալայում եկեղեցի կառուցվել է դեռևս վաղ միջնադարում: Առհասարակ, այստեղ մինչև 4-րդ դարը հեթանոսական տաճար է եղել: Այսօր էլ, հեթանոսական տաճարի շատ խորհրդանշաններ զարդարում են եկեղեցու պատերը:
Իսկ ներկայիս տեսքով եկեղեցին 1188 թ.-ին կառուցել է Լոռու Կյուրիկյան Կյուրիկե Գ արքայի կուսակրոն դուստրը՝ Մարիամը, և այդ մասին խաչքարի վրա թողել է հետևյալ արձանագրությունը. «Ես՝ Կյուրիկեի դուստր Մարիամս, Ախթալայում կառուցեցի սուրբ Աստվածածինս: Հիշեցեք, 1188 թվականն էր»:
Մարիամն իր քույրերի՝ Բորինայի, Ռուսուդանի հետ կառուցել է նաև Քոբայրի եկեղեցին, Հաղպատի, Սանահինի գավիթները…
Ախթալայի եկեղեցին կառուցված է թերակղզու ձև ունեցող բարձր սարավանդի վրա, ուր տեղակայված է Ախթալայի 10-րդ դարում կառուցված ամրոցը: Ամրոցի կառուցումը վերագրվում է Լոռու Դավիթ Ա Անհողին թագավորին:
Սուրբ Աստվածածին եկեղեցին առանձնանում է իր գեղեցիկ, վեհ տեսքով: Այն կենտրոնագմբեթ կառույց է: Եկեղեցու արտաքին հարդարանքը զարդարում են վիթխարի մոնումենտալ խաչերը, որ ամենամեծն են Հայաստանի տարածքում: Եկեղեցին եզակի է իր որմնանկարներով: Այստեղ են գտնվում Հայաստանում մոնումենտալ որմնանկարչության ամենամեծ կտորները՝ շուրջ 960 քառակուսի մետր որմնանկարներ, որոնք թվագրվում են 13-րդ դարով: Ախթալայի որմնանկարներն առանձնանում են իրենց գունագեղությամբ, նրբաճաշակությամբ: Հիմնականում պատկերված են բիբլիական կերպարներ: Առանձնահատուկ կարևոր է եկեղեցու հարավային պատին վրաց Թամարա թագուհու պատկերը:
1216թ. Ախթալայի եկեղեցում է պահպանվել Նորավանքի աստվածընկալ սուրբ խաչը, որ շատ վեճերի ու երկպառակտությունների տեղիք է տվել:
Իվանե Զաքարյանի կողմից Ախթալայի եկեղեցու ձեռքբերումից հետո այն վերածվեց քաղկեդոնական տաճարի: Զաքարյանները կառուցեցին եկեղեցուն կից բաց գավիթ-սրահը, նրա կողքին՝ փոքրիկ դամբարան-մատուռը: Ախթալան դարձավ եպիսկոպոսանիստ և համարվում էր հայ քաղկեդոնականության կենտրոնը: Այստեղ է գործել միջնադարյան հայ նշանավոր թարգմանիչ Սիմեոն Պղնձահանեցին, որի աշխատությունները այժմ էլ պահպանվում են Մատենադարանում: Այստեղ են ամփոփված Իվանե և Ավագ Զաքարյանների աճյունները: Այստեղ է գործել նաև քաղկեդոնիկ եկեղեցու Սուրբ Սոփրիանոս Ախթալեցին: Ախթալայի եկեղեցին ունի իր ուխտի օրը: Ամեն տարի սեպտեմբերի 20-ին այստեղ հազարավոր ուխտավորներ են հավաքվում աշխարհի տարբեր անկյուններից:
Նյութի հիմնական աղբյուր՝ Վահե Լոռենց «Ախթալա», Ե․ 2016թ․։