Տավուշի մարզի Գոշ գյուղը հիմնվել է 1845 թվականներին: Սակայն բնակավայրը գոյություն է ունեցել X-XII դարերում: Գոշավանքը միջնադարյան Հայաստանի հոգևոր-մշակութային խոշորագույն կենտրոններից է: Վանքը հիմնադրել է Մխիթար Գոշը 1188 թ.-ին իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ` երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում և այստեղ տեղափոխել միաբանությունը: Համալիրի կազմավորումն սկսվել է XII դարում և ամբողջացել է մեկ հարյուրամյակի ընթացքում: Վանքը համարվել է ժամանակի կարևորագույն կրթական կենտրոններից մեկը: Այստեղ են կրթություն ստացել  միջնադարյան Հայաստանի այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Վանական վարդապետն ու Կիրակոս Գանձակեցին: Վանքը սկզբում կոչվել է  Նոր Գետիկ: Մխիթար Գոշի մահվանից հետո վերանվանվել է Գոշավանք: Մխիթար Գոշի վանահայրության տարիներին այստեղ կառուցվել Սուրբ Լուսավորիչ փայտակերտ և Սուրբ Հովհաննու Կարապետի  փոքրիկ եկեղեցիները, որոնք չեն պահպանվել, և Սուրբ Աստվածածին եկեղեցին իր գավթով: Ըստ Կիրակոս Գանձակեցու` Գոշավանքի առաջին` Սուրբ Գրիգոր,  եկեղեցու օծմանը Հաղարծինի  վանքի վանահայր Խաչատուր  Տարոնացին վանքին նվիրել է երկու գյուղ և այգի: Վանքի կառուցապատումը շարունակվել է մինչև XIII դարի վերջ:

Նոր Գետիկի ճարտարապետական համալիրի մասը կaզմող հուշարձանները բաժանված են երկու խմբի: Ձորակի հյուսիսային լանջին տեղավորված է հիմնական խումբը` բաղկացած Սուրբ Աստվածածին, Սուրբ Լուսավորիչ, Սուրբ Գրիգոր եկեղեցիներից, ժամատնից, գրատուն-զանգակատնից, քաղաքացիական շենքերից, մատուռներից ու պատվանդանավոր խաչքարերից: Այս խմբից հարավ-արևելք` ձորակի հանդիպակաց լանջին, իրարից փոքր հեռավորության վրա տեղավորված են Սուրբ Հռիփսիմե երկխորան եկեղեցին և մի ավերակ շենք, որը համարվում է Մխիթար Գոշի դամբարանը:

 Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է Մխիթար Հյուսն վարդապետի կողմից` Քուրդ և Խաչենի Վախթանգ իշխանների հովանավորությամբ: Եկեղեցին պատկանում է խաչագմբեթ եկեղեցիների տիպին, կրկնահարկ, զույգ ավանդատներով:

 Ժամատունը կառուցվել է գլխավոր եկեղեցուց անմիջապես հետո` Զաքարե և Իվանե եղբայրների օժանդակությամբ:  Արտաքին և ներքին պատերը հարդարանքից զուրկ են: 

Սուրբ Գրիգոր եկեղեցին, որը կառուցվել է 1241 թ.-ին, իր հորինվածքով նման է գլխավոր եկեղեցուն, ավելի փոքր չափերի:

Սուրբ Լուսավորիչը` Գոշավանքի երրորդ եկեղեցին, գտնվում է ժամատան հարավային պատին կից և կառուցվել է իշխան Գրիգոր տղայի միջոցներով: Այն միանավ բազիլիկ տիպի է` երկլանջ կտուրի տակ առնված թաղակապ ծածկով: Վանքի մյուս եկեղեցիներից տարբերվում է արտաքին հարդարանքով, նրբակերտ զարդաքանդակներով ու ճարտարապետական տարրերով: 

Գրատան-զանգակատան կրկնահարկ շենքը ճարտարապետական տեսանկյունից ուշագրավ հուշարձան է: Գրատան ներսի պատերին կան պահարաներ` ձեռագրեր պահելու համար: Գրատան վրա հավելված զանգակատունը լիովին ներդաշնակվում է գոյություն ունեցող ներքնահարկի հետ միասին հիմք է ծառայել կրկնահարկ եկեղեցի-դամբարանների հատակագծային-ծավալատարածական հորինվածքի կազմավորման համար: 

Գոշավանքում գործող հոգևոր դպրոցի համբավը մեծ է եղել ողջ Հայաստանի տարածքում: Այն պատմական աղբյուրներում հիշատակվում է որպես վարժապետարան, համալսարան, ճեմարան: Գոշավանքի վարդապետարանում դասավանդել են հայոց և օտար լեզուներ, քերականություն, փիլիսոփայություն, ճարտարապետություն, երաժշտություն, գրչություն, արվեստ, նկարչություն: Վանքում գործել է Կիրակոս Գանձակեցին և Վանական Վարդապետը, որոնք իրենց հիմնած դպրոցներում  շարունակել են Գոշավանքի ավանդները: Գոշավանքում ստեղծվել ու ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք  պահվել են վանքի գրատանը: 

 

Վանական համալիրի անբաժան մասն են կազմում տարածքում գտնվող խաչքարերը, որոնց մեջ հատկապես իրենց կատարման վարպետությամբ ու հորինվածքի նրբությամբ առանձնանում են  վարպետ Պետրոսի ստեղծած խաչքարերը: Զույգ խաչքարերը գտնվում են Սուրբ Գրիգոր եկեղեցու աևմտյան ճակատի առջև: Եկեղեցին չունի արտաքին պարիսպներ և շրջապատված է գյուղական տներով: