Աղավնավանք, Армения
Քայլարշավներ
20 մարդ
Տավուշի մարզ
Քայլարշավ 5 կմ
Տուրի առաջին կանգառը Դիլիջան քաղաքն է, որտեղ կտեսնենք յուրօրինակ պատմական Շարամբեյան փողոցը: Այստեղ մենք լիովին կզգանք 19-րդ դարի հին Դիլիջանի շունչը: Տարածքում գործում է սրճարան, ռեստորան, հացատուն և այլ հետաքրքիր վայրեր, որոնք ներկայացնում են 19-րդ դարին հատուկ կենսակերպը: Տարածքում ստեղծագործում և իրենց աշխատանքներ են ցուցադրում տարբեր վարպետներ՝ կավագործ, փայտագործ։ Այդ պատճառով փողոցը հաճախ կոչում են նաև «վարպետների փողոց»։ Քաղաքում կտեսնենք նաև «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձանը, որտեղ մարմնավորված են սիրված ֆիլմի 3 գլխավոր հերոսները՝ Ֆրունզիկ Մկրտչյանը (Ռուբիկ Խաչիկյան), Եվգենի Լեոնովը (Իվան Վոլոխով) և Վախթանգ Կիկաբիձեն (Վալիկո Միզանդարի)։
Ճանապարհը կշարունակենք դեպի Գոշավանք, որը հիմնադրվել է միջնադարի նշանավոր հոգևոր գիտնական, առակագիր և իրավագետ Մխիթար Գոշի կողմից՝ Հին Գետիկի վանքի տեղում, որը հիմնահատակ ավերվել էր 1186 թ. երկրաշարժից: Համալիրի կազմավորումն սկսվել է XII դ. վերջին և ամբողջացել շուրջ հարյուր տարվա ընթացքում, այդ պատճառով էլ իր կազմի մեջ մտնող հուշարձանների ճարտարապետությամբ ավելի միասնական է:
Տուրի վերջին կետը դեպի Աղավնավանք քայլարշավն է: Քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 5 կմ է: Քայլարշավը թեթև բարդության է, որի համար անհրաժեշտ են սպորտային կոշիկներ, հարմարավետ հագուստ, ցանկալի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք) և մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր:
Աղավնավանքը XI-XII դդ կիսավեր հայկական վանային համալիր է, որը հայտնի է նաև Սբ. Աստվածածին Անապատ և Աղնաբաթի վանք անուններով։ Վանքը գտնվում է Դիլիջան ազգային պարկի Աղնաբաթ անտառամասում, որն առանձնանում է այստեղ աճող և բարձր գնահատվող կենի (կարմրածառ) ծառատեսակով։ Հուշարձանից դեպի հարավ պահպանվել են բազմաթիվ կառույցների մնացորդներ, որոնք, հավանաբար, եկեղեցու միաբանության բնակելի և տնտեսական շինություններն են եղել։ Վանքը փոքրաչափ, կենտրոնագմբեթ կառույց է` իր զույգ ավանդատներով, դեղնավուն, սրբատաշ չեչքարով: Գմբեթը իր վրա է պահում որմնասյուները միացնող կամարները, որն էլ ավարտվում է սրածայր վեղարով: Եկեղեցու տանիքը ևս ծածկված է եղել սրբատաշ քարերով, որոնցից մի քանիսն են պահպանվել, իսկ վեղարը ամբողջապես մերկացել է: Ս. Աստվածածին Անապատ եկեղեցու վերաբերյալ մատենագրական տեղեկությունները բացակայում են, մինչդեռ, համաձայն եկեղեցու վրա պահպանված վիմագրության՝ այն կառուցվել է XI-XII դդ.:
Մեկնում՝ 09:00
Վերադարձ՝ 20:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ